Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հայաստանի թավշե հեղափոխությունը մայդան չհամարելու 10 պատճառ

Հայաստանի թավշե հեղափոխությունը մայդան չհամարելու 10 պատճառ
20.05.2018 | 11:22

Այս գարնանը Հայաստանում աննախադեպ իրադարձություններ ծավալվեցին, որ հանգեցրին իշխանափոխության: Համարյա մեկամսյա բողոքի գործողություններից հետո մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետ ընտրեց 42-ամյա Նիկոլ Փաշինյանին: Մի քանի արտասահմանյան լրատվամիջոցներ, խոսելով Հայաստանի ընդվզման շարժման մասին, զուգահեռներ էին անցկացնում 2014-ի ուկրաինական հեղափոխության հետ: Կա 10 պատճառ, որ հայկական թավշե հեղափոխությունը պետք չէ մայդան անվանել:


1. Պատճառներ ու հետևանքներ
Ուկրաինայում բողոքի զանգվածային գործողությունները, որ անվանվեցին եվրամայդան, սկսվեցին 2013-ի նոյեմբերին իշխանությունների որոշումից հետո` չստորագրել Վիլնյուսի Արևելյան գործընկերւության վեհաժողովում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Եվրաինտեգրման կողմնակիցները դուրս եկան Կիևի Անկախության հրապարակ` մայդան Նեզալեժնոստի` պահանջելով նախագահի ու կառավարության հրաժարականը, 2014-ի հունվարի 16-ից հետո կոչ արեցին բեկանել բռնաճնշումային հակաբողոքական օրենքները: Գործողությունները վերաճեցին զինված դիմակայության, որի ընթացքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Ուկրաինայի իշխանության ու աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունն անվանվեց «արժանապատվության հեղափոխություն»: Հայաստանում ընդվզման պատճառ դարձավ վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրվելը, որ 10 տարի կառավարում էր երկիրը, իսկ սահմանադրական փոփոխությունից հետո վճռեց մնալ փաստացի երրորդ ժամկետով: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլին իր կողմնակիցների հետ քայլարշավ սկսեց Գյումրիից Երևան «Քայլ արա` մերժիր Սերժին» կարգախոսով: Քաղաքացիական անհնազանդության կոչին արձագանքեցին Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիեր: Զանգվածային բողոքները հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին և Նիկոլ Փաշինյանին նոր վարչապետ ընտրելուն: Իշխանության անարյուն փոխանցումը ստացավ թավշե հեղափոխություն անվանումը:


2. Քաղաքական գործիչները և քաղաքացիական ակտիվիստները
Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսեցին քաղաքացիական ակտիվիստները և ուսանողները: Հետո ցուցարարներին միացան քաղաքական կուսակցությունները իրենց դրոշներով ու խորհրդանշաններով: Եվրամայդանի ոչպաշտոնական առաջնորդներ դարձան Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն, Օլեգ Տյագնիբոկը, նրանց գործողություններին ոչ միշտ էին աջակցում ակտիվիստները: Հայաստանում բողոքի շարժման նախաձեռնողն ու ղեկավարը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր, նրա շուրջ համախմբվեցին իր կողմնակիցները և քաղաքացիական ակտիվիստները: Բողոքի ակցիաներում կուսակցական խորհրդանշաններ չկային:


3. Բողոքի վայրը
Ուկրաինայում մի քանի ամիս բողոքի ակցիաների գլխավոր վայրը Մայդան Նեզալեժնոստին էր: Դեկտեմբերի 1-ին ցույցի դուրս եկած ուսանողների կոշտ ցրումից հետո հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին Կիևի կենտրոնում, շուտով հայտնվեցին վրաններ ու բարիկադներ, որտեղ հավաքվում էին այլ քաղաքներից եկածները: Մայրաքաղաքի գլխավոր հրապարակը դարձել էիր ինքնակազմակերպմամբ ունիկալ «քաղաք»` պաշտպանական համակարգով, դաշտային խոհանոցով, բուժկետով, մամլո կենտրոնով: Բեմից ելույթ էին ունենում քաղաքական գոծիչները, հայտնի մարդիկ, ակտիվիստները: Հետագա գործողությունների ծրագիրը քննարկվում էր «ժողովրդական վեչեում»: Հայաստանում բողոքի ակցիաները մեկ տեղում կենտրոնացած չէին: Շարժումը սկսվեց իբրև Գյումրիից Երևան քայլարշավ` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երթից հետո նրանք հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, ապա` Հանրապետության հրապարակում, փակեցին տրանսպորտի երթևեկը ամբողջ երկրում ու նույնիսկ օդակայանը:


4. Հակամայդան
Ուկաինայում ի պատասխան եվրամայդանի` իշխող Ռեգիոնների կուսակցության կողմնակիցները դեկտեմբերին կազմակերպեցին իրենց ակցիան Մարիինյան պուրակում, մասնակիցները հիմնականում բյուջետային աշխատողներն ու թոշակառուներն էին: Տասնյակ հազարավոր մարդիկ կազմակերպված եկան արևելյան շրջաններից «Մայդանն ամբողջ Ուկրաինան չէ» կարգախոսով: Սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ ակցիայի որոշ մասնակիցների 500 գրիվնա են վճարել: Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու դեմ բողոքի ակցիաների ընթացքում իշխող ՀՀԿ-ի աջակցության ոչ մի ակցիա կամ պիկետ չեղավ:


5. Տարածքային խզում
Ուկրաինայի արևմուտքում ու կենտրոնական հատվածում զանգվածային աջակցություն կար եվրամայդանին, արևելքում ու հարավում եվրաինտեգրման աջակցությամբ հրապարակ դուրս եկավ մի քանի տասնյակ հազար մարդ: Բնակչության մեծամասնությունը այդ շրջաններում չաջակցեց Կիևի բողոքի շարժմանը: Հայաստանում բողոքի շարժման մեջ տարածքային առումով որևէ խզում չկար, նույնիսկ այն մարզերում, որտեղ տեր էին իշխանամերձ օլիգարխները:


6. Զոհված հերոսներ
Ուկրաինայում Մայդանում բողոքի ընթացքում անհայտ դիպուկահարներ կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա: Հարյուրից ավելի մարդ սպանվեց: Կիևում մինչև այսօր պարզված չեն կրակահերթի պատասխանատուները: Մայրաքաղաքում ու այլ քաղաքներում հուշարձաններ են դրվել «Երկնային հարյուրյակին»: 2014-ի հուլիսի 1-ին Գերագույն ռադան զոհվածների հիշատակին պետական պարգև սահմանեց շքանշանի տեսքով: Հայաստանում բողոքի ակցիաների ընթացում բախումներ եղան իրավապահների հետ, որոնց հետևանքով տասնայկ մարդիկ թեթև վիրավորումներ ստացան: Նիկոլ Փաշինյանը վիրավորվեց փշալարից, որ ոստիկանները ցուցարարների առաջ էին կանգնեցրել: Թավշե հեղափոխությունը դարձավ իշխանության անարյուն փոխանցում:


7. Աշխարհաքաղաքական գործոն
Ուկրաինայում ակցիաների մասնակիցները պահանջում էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում: Արևելյան գործընկերության Վիլնյուսի վեհաժողովից առաջ նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց համաձայնագիրը չստորագրել: Մոսկվան, որ Ուկրաինային առաջարկում էր անդամակցել Մաքսային միությանը, բազմիցս ասել էր, որ դա անհամատեղելի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հետ: ԵՄ-ում գտնում են, որ Ուկրաինայի նախագահի որոշումը թելադրված էր Ռուսաստանի ճնշումով: Հայաստանում բողոքը ներքաղաքական էր: Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ երկիրը «աշխարհաքաղաքական ռևերսներ» չի անի, 2013-ի սեպտեմբերին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և անդամակցում է Մաքսային միությանը: Այդ վճիռը բողոքի զանգվածային ակցիաներ չհարուցեց: 5 տարի անց ԵԱՏՄ անդամ Հայաստանը դարձավ միակ երկիրը հետխորհրդային տարածքում, որ ստորագրեց ԵՄ-ի հետ փոփոխված ասոցացման համաձայնագիր:


8. ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան
Ուկրաինայում բողոքի ակցիաների սկզբից հրապարակում հայտնվեցին եվրոպական դրոշներ: Եվրամայդան էին գալիս եվրապատգամավորները (Ռեբեկա Հարմսը, Յացեկ Սարիուշ-Վոլսկին, Խոսե Իգնասիո Սալաֆրանկան, Էլմար Բրոկը, Իրժի Բուզեկը և այլք), քաղաքական գործիչներ Լեհաստանից, Վրաստանից, Մոլդովայից, ԱՄՆ պետքարտուղարի օգնական ՎԻկտորիա Նուլանդը, հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը: Միջազգային ներկայությունը Կիևում հարուցում էր Մոսկվայի կտրուկ քննադատությունը, որ մեղադրում էր Արևմուտքին Ուկրիաինայի ներքին գործերին միջամտելու մեջ: Հայաստանում բողոքի ակցիաներում միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների դրոշներ չկային: Արտասահմանցի հյուրերից հանրահավաքների ընթացքում ելույթ էին ունենում կանադաբնակ հայ դերասանուհի Արսինե Խանջյանը և System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին զսպվածության և խաղաղ ցույց անելու քաղաքացիների իրավունքի հարգման կոչ էին անում: Մոսկվայում հայտարարեցին, որ Հայաստանում կատարվողը «երկրի ներքին գործն է»:


9. Միջազգային հանրության արձագանքը
Ուկրաինայի 2014-ի իրադարձությունները տրոհեցին միջազգային հանրությունը: Ուկրաինական ու միջազգային ԶԼՄ-ներում նախագահ Վիկտոր Յուշչենկոյի իշխանազրկումը և նոր կառավարության ձևավորումը դիտարկվում էր հեղափոխություն: Ռուսական ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչները այդ իրադարձություններն անվանում էին պետական հեղաշրջում: Համաշխարհային մամուլը Հայաստանի իրադարձություններն անվանեց թավշե հեղափոխություն: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրան շնորհավորեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ղեկավարները:


10. Ո՞վ եկավ իշխանության
Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչին փոխարինեց Պյոտր Պորոշենկոն, որ 2014-ին Forbes-ի վարկանիշով 6-րդն էր Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից: Այն ժամանակ նրա կարողությունը 1,3 միլիարդ դոլար էր: Նրանն է հրուշակագործական «Ռոշեն» ընկերությունը, նա բաժնետեր է բազմաթիվ ԶԼՄ-ներում: Նախկինում արդեն պետական պաշտոններ ունեցել էր` Վիկտոր Յանուկովիչի ժամանակ եղել էր էկոնոմիկայի նախարար, 2004-ին Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ընթացքում` ԱԳ նախարար, իսկ մինչ այդ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար: Մինչև վարչապետ ընտրությունը Նիկոլ Փաշինյանը «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր էր: 2008-ին եղել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ, որ տանուլ տվեց ընտրությունները Սերժ Սարգսյանին և նրան մեղադրեց կեղծարարության մեջ: Զանգավածային հանրահավաքները վերաճեցին բախումների, որոնց ժամանակ 10 մարդ սպանվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարվեց հետախուզման մեջ` զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հետո հանձնվեց ոստիկանությանը: Նրան դատապարտեցին 7 տարվա ազատազրկման: 2011-ին նա համաներումով ազատ արձակվեց և շարունակեց քաղաքական կարիերան: Մինչև պատգամավոր դառնալը լրագրող էր, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը:
RFI


Հ.Գ. Հայաստանում կատարվածը նարնջագույն կամ այլ գույնի հեղափոխություն չէր, եվրամայդան չէր, արաբական գարնան հայկական տարբերակը չէր ու ընդհանրապես ունիկալ հեղափոխություն էր, որ ավելի ճիշտ է անվանել գործադիր իշխանության փոխանցում ընդդիմադիր գործչին, որովհետև և օրենսդիր, և դատական իշխանությունը դեռ ՀՀԿ-ի ձեռքում են, իսկ չորրորդ իշխանությունը հայտնվել է խաղից դուրս` Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձներով ասում է ինչ պետք է` առանց նրանց կարիքը զգալու: Ապրիլյան օրերին ոչ մի հեռուստաընկերություն բացի լրատվական կարճ տեղեկատվությունից` տեղի ունեցողը չէր լուսաբանում, կայքերը ուղիղ եթեր էին ապահովում: Վերլուծական միտքը ի վիճակի չեղավ իրադարձությունները կանխատեսել ու զարգացումները մեկնաբանել: Հիմա արդեն սկսվել է սովորական հայկական փառաբանությունը հաղթողին և մեղադրանքը պարտվողին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ